Thursday, June 27, 2013

10. Ուրիշի պատմած պատմություն, որն ուժեղ տպավորվել է

Ամեն հետսովետական հայկական ընտանիք բացի մի հին, խունացած, սևուսպիտակ ընտանեկան ալբոմն ունի իր պատմությունների ալբոմը, որ ամեն ցեղական հավաքին մեջտեղ ա բերվում ու ի տարբերություն խունացած լուսանկարների՝ սրանց մանրամասներն ամեն տարի ավելի ու ավելի գունագեղ են դառնում: 


Մի Օֆիկ մոքոր ունեմ, մամայիս մորաքրոջ աղջիկը, որ Մելքոնյանների ցեղում տարիներով նախանձի առարկա էր իր թիֆլիսյան քաղքենի ճոխությամբ ու աննկարագրելի հումորի զգացումով: Փեսաների ընկերն էր ու նրանց սրամտության ջանքերի լակմուսը, իսկ քույրերի  համար՝ կենցաղային ստանդարտներ թելադրողը: Հետաքրքրասեր, արկածախնդիր, ինքնավստահ, աշխատասեր, դիպուկ պատասխանը՝ սուր լեզվի ծերին: Օֆիկ մոքորս քչախոս ամուսնու թունդ համեմված խոսքից փոխ էր առել մի քանի դասական դարձվածք, որոնց թագավորը «Թաղեմ հերդ» էր: Պարզ ա, որ ելնելով տղամարդկային համերաշխությունից ու զոքանչային ավանդական մշակույթի խիստ ջատագովի սկզբունքներից, ինչպես նաև մորաքրոջս հոր անժամանակ մահվան փաստից, Գոգիի մոտ էս դարձվածքը մի քիչ ուրիշ կերպ էր հնչում: Բայց «Թաղեմ հերդ» մորաքրոջս ֆավորիտն էր, հատկապես երբ հաղորդակցությունն իր ու հորս միջև էր.

- Հա՛յկազ, թա՛ղեմ հեռդ, հլա մի վե՛ռ կաց տե՛ղիցդ: 

80-ականների կեսերին Ադլերում էինք հանգստանում: Մենք, երկու մորաքույրներիս ընտանիքները: Հաճախակի «թաղեմ հեռդ»-ների շարքի արանքում մի օր պապան հասցրեց վրա բերել. 

- Աֆելյա, հերս որ մեռավ, դագաղը դու ես տանելու: 

Մեծերը ծիծաղեցին, բոլորով լողացինք, «կուկուռուզ» կերանք, Օֆիկ մոքորս հասցրեց «տակից» ճաշի սեռվիս գնի ու դրանով դառնա ծնողներիս երեկոյան երկմտանքի պատճառը, «թաղեմ հեռդ»-ը դարձավ բարևի պես մի բան, ու ամառն սկսեց կամաց-կամաց մարել, մինչև վերադարձանք տուն: 

Անցավ մի քանի ամիս: Մի օր ՕՖիկը վերցնում ա հեռախոսն ու լսում Անո մորաքրոջս ձայնը.

- Օֆ, Հայկազի հերն ա մահացել: 

Մորաքույրս շատ էր սիրում պապայիս: Առանց վարանելու նստում են մեքենան ու Գոգիի հետ մի քանի ժամից հասնում Վարդանլու: Լիքը մարդ: Լռություն: Լաց: Լաց ու պատմություն: Պապայիս իմաց են տալիս, որ Վրաստանից «խալխ ա եկել»: 

Հայրս, ինձ թվում ա, բարդ հարաբերություններ ուներ պապիս հետ: Թվում ա: Երբեք չեմ ճշտել: Չէէէէ, իրականում միանգամայն նորմալ հարաբերություններ էին՝ հարգալից, զուսպ: Բայց երևի երկուստեք զգացմունքային զսպաշապիկի հաշվին... Ընտանիքը հորս համար առանցք էր ու է: Տիեզերքն սկսվում ու ավարտվում ա իր ընտանիքով: Ու հայրս սգում էր:  Շատ էր սգում: Ինչպես ամեն մարդու կյանքում լինում ա մի մահ, որ վերաիմաստավորում ա կյանքն ու մահը, էդպես էլ երևի հորս համար պապիկիս մահն էր: 

Օֆիկը տեսնում ա պապային, պապան՝ Օֆիկին ու սկսում են իրար ընդառաջ գնալ: Հասնում են իրար, գրկում, գլուխները դնում իրար ուսի ու ցնցվում....

Անիկ հոքորս երգում ա.

- Պաաապ ջան, ցավդ տանեմ, Օֆիկն ա եկել, Անժիկի քիրը, մենակ տենաս ոնց ա մղկտում քեզ համար....

Պապաս ու Օֆիկ մոքորն ավելի ու ավելի են ցնցվում: Կողքից մտածում են, ոնց անեն էս խեղճերի հեկեկոցը զսպեն, մոտենում են, հանգստացնում. «Բան չկա, մեծ մարդ էր,  լավ էլ կյանք ա ապրել»: 

Պապաս ու Օֆիկ մոքորը մի կերպ մի անկյուն են մտնում, որ կարողանան սգավորներից թաքցնել իրենց անզուսպ քրքջոցը...

*** 

Չգիտեմ ինչու էս պատմություն հիշեցի: Բայց գիտեմ, որ երբ էս պատմությունը մտավ ցեղական արխիվ ու սկսեց շրջանառվել, ես չէի ծիծաղում: Իսկ սա ծիծաղելի պատմությունների շարքից էր: Ես ուղղակի չէի հասկանում էս պատմությունը: Անցան տարիներ: Աբսուրդը դարձավ իմ կյանքի բաղադրիչը ու հիմա ես ժպտում եմ:-)

No comments: