Tuesday, June 4, 2013

4. Պատմություն ձեր արձակուրդից կամ Three Women on a train

in loving memory of our Scottish times:-)))))))))))))))))))))))))))))

- Բա հիմա ի՞նչ ենք անելու, - շվարած, հարցական աչքերով կանգնել ենք կառամատույցին:

Մեզ հրում են աջից ու ձախից, ձախից ու աջից (էնքան շատ մարդ կա, որ համարյա վերևից ու ներքևից էլ, ոնց որ անձրևը՝ քամու ժամանակ): 

Մերին արագ կողմնորոշվեց. 

- Վազեցինք ընկերության գրասենյակ: 


Զատիկ էր: 2009-ի Զատիկն էր, եթե ավելի ստույգ արտահայտվենք: Արձակուրդ էինք, երեքս էլ. ես՝ անկապ ուսանողս, Մերին՝ «Փրկենք երեխաներին» լոնդոնյան գրասենյակի խելոք ու ինքնավստահ վանաձորցի աշխատակցուհին ու Ամալիկը՝ «Չեթհըմ հաուզի» տնտեսագիտության բաժնի երևանցի աշխատահոլիկը (հոլիկ՝ բառիս բուն իմաստով):

Ոչ միայն արձակուրդ էինք, այլև՝ Շոտլանդիային սիրահարված: Ու որոշեցինք, որ զատիկյան երկշաբաթյա դրախտում Լոնդոնը հեչ էլ չարժի մեր վսեմ եսերին:-)

Արագ-արագ

(մինչև որոշեցինք, արդեն Զատիկին երկու շաբաթ էր մնում)

տոմսեր գնեցինք,

(գնեցինք, բա ինչ արեցինք. անտեր երկրում մինչև գլխի ընկանք, որ ամեն մի ժամին նույն տոմսի գինը նույնքան փոփոխական ա, որքան Զևսի սիրո թիրախները, մերը մեզ հասավ: Էդ երկրում նույնիսկ մի ստից տոմսի համար պետք ա «տնտեսական մրցակցության» մեջ մտնես)

հյուրանոցում ու մի տանը սենյակ պատվիրեցինք,

(հյուրանոցում, բա չէ:-) Հյուրանոցում ռիսկ արեցինք սենյակ պատվիրել միայն մի գիշերով, իսկ մնացած երեքի համար մեզ մի տանիքի տակ ծվարած սենյակն էլ էր լրիվ հերիք: Մի քիչ առաջ ընկնեմ ու ասեմ, որ Մերին միայն վերջին պահին որոշեց միանալ մեզ, ու մեր հյուրանոցում էլ երեք հոգու համար սենյակ չկաաաաար: Իսկ մյուսներում պիտի գոնե Զևսի թիկնոցի ամենա-ամենա-ամենահեռավոր քղանցքը պահող լինեիր, որ մյուս հյուրերին հանեին, իսկ քեզ հյուրընկալեին:-) Թե ինչ եղավ, երբ մենք երեքով հասանք Գլազգո և ունեինք երկու տեղանոց սենյակ, երկտեղանի մահճակալով, կպատմեմ, երբ գնացքից իջնենք: Կամ էլ 30 շարքից մի ուրիշ պատմության ժամանակ:)

հավաքեցինք վեշ-վուշ

(թե ում են պետք ամառային հագուստները Շոտլանդիայում...)

ու առավոտ-քըշերհանա հասանք ոչ թե Քինգս քրոս, ինչպես կարծում էինք, որ պիտի հասնենք ու շատ էլ ուրախացել էինք, որովհետև էնտեղ ավտոբուսով կարող էինք հասնել, այլ Յուստոն, որտեղ էդ ժամին մենակ տաքսով կարող էինք հասնել:

Կիսաքուն թափված ենք էստեղ-էնտեղ, իսկ գնացքն ուշանում է: Կես ժամ, 40 րոպե, մի ժամ...

-Ուռաաաաա, թռանք, ժողովուրդ:

Արագ-արագ (էս անգամ իսկականից արագ-արագ, որովհետև համ էլ հասցրել էինք զարթնել) հավաքվում ենք ու գնում կառամատույց: Մի կերպ երկաաաար գնացքի վերջերում գտնում ենք մեր տեղերն ու ուրախ-զվարթ, գալիք արկածներից ոգևորված տեղավորվում ու սկսում.

- Ա հլա սրա հագած շորերին նայի: Ասա աղջիկ ջան, մի քիչ աչքերիդ քիչ կապույտ տեն քսեիր, կարող ա իմանայինք, որ աչք ունես:
- Մեր, մի կալգոտկա-բան չնվիրե՞նք:
- Պահ, բա հետի թառլանին, է: Ասա տղա ջան, շալվարդ վեր քաշի, թե չէ էս ա քթի վրա շուռ ես գալու:

Էդ լոնդոններում Մերիի ու Ամալիկի սիրած սոցիալական թիրախը «սքինի ջինսն» էր, հատկապես եթե այն հանգրվանում էր տղաների մարմնին:

Էսպես նստած գնում ենք, իսկ մտքով արդեն Գլազգո ենք հասել, մեկ էլ գնացքը՝ ճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ: Թափվում ենք իրար գլխի:

- Ի՞նչ ա եղել, «ուո՞թս հեփընդ»....

Ոչ ոք չգիտի: Մեկ էլ հայտարարում են.

- Վերադառնում ենք Լոնդոն: Ճանապարհին պատահար է տեղի ունեցել, այսօր գնացքը Գլազգո չի մեկնի:

Այ էդտեղից սկսած մինչև յուստոնյան կառամատույց շվարած ենք, որսում ենք խոսակցության կցկտուր պատառիկներ.

- Տղամարդ... դին չեն կարող ձեռք տալ... ինքնասպանություն...

Պատահարը, փաստորեն, մեկի կյանքի ավարտն էր...

Ճանապարհը մեր զգացմունքները ծովի ավազի նման մանրանցում-փոշիացնում ա: Ճանապարհը մեր զգացմունքները մակընթացության հետ տանում-բերում ա: Ճանապարհին սրությունը շքեղություն ա, որ եթե քեզ թույլ տաս, դու էլ ամենայն հավանականությամբ մի պատահար կդառնաս ու վերջ:

Հետ՝ Յուստոն: Ախմախ տրամադրություն ու անկապ վիճակ.

- Վազեցինք ընկերության գրասենյակ: 

Մերիի գործնական ձայնը սթափեցնում է ինձ ու Ամալիկին: Վազում ենք: Ես պայուսակներին եմ պահակ կանգնում, Մերին ու Ամալիկը փորձում են հասկանալ, թե Զատիկը որտեղ ենք դիմավորելու. մի՞թե Սերգեյի «անեծքն» էդքան ուժեղ ա, որ դիմավորելու ենք միասին Լոնդոնում:

Երեխեքի ուրախ դեմքերից հանգստանում եմ. կտեսնեմ Շոտլանդիան:

- Ասում են էս տոմսերը վավեր են էսօր Շոտլանդիա գնացող բոլոր գնացքներում, բայց Յուստոնից էսօր մեկ էլ իրիկունն ա գնալու: Եթե արագացնենք, Քինգս քրոսից մի ժամից գնացք կա:

- Բա Վըրջին ա՞՞՞՞:

- Կապ չունի, Քրիստ, ասին՝ անկախ ընկերությունից վավեր ա, քանի որ արտակարգ իրավիճակ ա: Ցանկացած գնացք կարող ենք նստել:

Մի հատ էլ ընկերովի «ուռաաաաաա» ու վազքով՝ Լանդըն թյուբ, ուղղությունը՝ Քինգս քրոս:

Քրտնամխած հասնում ենք կանգառ, ստուգում հաջորդ մեկնող գնացքի ժամն ու ընկերությունը ու նորից վազում համապատասխան գրասենյակը փնտրելու: Մերին շատ գործանական տեսքով մտնում է ներս ու հաղթանակած դուրս գալիս.

- Երեխեք, հենց էս առաջինով գնում ենք: Էստեղ էլ հաստատեցին, որ մեր տոմսերը վավեր են: Երկիր ա, է....

Աշխուժանում ենք: Էնքան, որ նույնիսկ կարողանում ենք մեր յուստոնյան երկաաաար գնացքի ամբոխի մեջ տեղավորվել ու մղվել դեպի նոր գնացքը: Իմ հուսահատության մակարդակը գնալով հասնում է կոկորդիս, բայց Մերիի ռազմական տրամադրությունն ու Ամալիկի փոքրիկ-նրբիկ աջակցությունն ինձ հուշում են, որ պետք չի տրվել էդ հիմարությանը:

Հե՞րթ: Ի՞նչ հերթ: Անկախ քաղաքակրթությունից, երբ տեղդ նեղ ա, սկսում ես բոլոր միջոցներով գոյատևել: Բրիտանացիք հաստատեցին էս աքսիոմը: Բավականին ազնվական տեսքով մի կին մեզ հրմշտելով խցկվեց առաջ, ու վագոնավարը բարյացկամորեն նրան թողեց ներս: Հետո էլի մի շիկահեր զույգի, ու էլի, մինչև Մերին ջղայնացավ ու մեր տոմսերը խոթեց վագոնավարի քիթը:

Վագոնում ենք: Լոնդոնում արև քիչ ա լինում: Անձրև էլ ա քիչ լինում, միֆերին միշտ չի, որ պետք ա հավատալ:-) Բայց էդ օրը, ապրիլին՝ շոոոոոոոգ: Վագոնում լիիիիիքը մարդ: Էնքան, որ ոչ մի օդորակիչ ի վիճակի չի օդի որակը շնչելի դարձնել:

Որոշում ենք շարվել գնացքի երկայնքով: Հասնում ենք մի վագոն, որտեղ ճերմակ սփռոցներով, գեղեցիկ ծաղիկներով սեղանիկներ են ու հոոոոով:

- Ժողովուրդ ջան, տեղավորվեցինք, - առանց վարանելու՝ Մերին մտնում է վագոն:

Ես ու Ամալիկը վարանում ենք ու ընթացքում էլ կարծում, որ մեր կողմից էս արդեն «նագլիություն» ա:

-  Մերիկո... էս ֆըրսթ քլաս ա հաստատ, մեզ էստեղ չեն թողնի, - ասել եմ, չէ՞, որ կանոնների գերի եմ:

- Աաաա, ինչ ֆըրսթ-մըրսթ, իմըրջընսի ա, ուրեմն պետք ա մարդկանց տեղավորել:

Նստում ենք: Փորձում ենք հանգստանալ: Հինգ րոպե:

Հեռվից նկատում եմ մի լեռնանման, կապույտ համազգեստով տղամարդու, որ դանդաղ մոտենում է մեր սեղանիկին:

- Ձեր տոմսերը, խնդրեմ:
- Խնդրեմ, - Մերին մեկնում է մեր էկոնոմ կարգի տոմսերը:
- Կներեք, լեյդիզ, բայց սա ֆըրսթ քլաս ա, պիտի 25 փաունդ հավելավճար տաք, որպեսզի էստեղ կարողանաք մնալ:

Պահո.........

- Ա բայց դուք ինչ ռասիստ ու կապիտալիստ մեռած եք. էնտեղ մարդ ա մահացել, էստեղ մի տոն ժողովուրդ չի կարում շնչի: Դուք հո գիտեք իմըրջընսին ինչ ա: Մեզ ասել են, ցանկացած գնացք ձեզ կհասցնի Գլազգո, էս տոմսով: Հիմա դու ինչ ես փողի բազար անում, - Մերին պայթեց:

- Հլա մի հատ մի գոռա, մեմ, - շատ թունդ արևելաեվրոպական ակցենտով վրա ա բերում կաաարմրած վագոնավարը:

- Ա բայց ոնց չգոռամ, էս պայմաններում անգամ մարդկության նշույլ չկա մեջներդ: Էդ ինչի՞ շեկերին կարելի է ֆըրսթ քլաս, մեզ՝ չէ:

- Էդ կին հղի, - ավելի ու ավելի կարմրում է մեր աժդահան:

Ես հնար ունենայի, կմտնեի սեղանի տակ, բայց էս անտեր բոյով ի՞նչ սեղան պիտի լինի, որ մտնեմ: Ամալիկը աժդահայի կարմրությունը սկսում ա կիսել:

- Որ ես հղի չեմ, մա՞րդ չեմ, - Մերին ռազմական դիրք ա գրավում:

- Ես չեմ կարող փոլիսի խախտել: 25 փաունդ, կամ դուրս եք գալիս:

- Երեխեք, հանգիստ նստեք: Ուի ուոնթ, - Մերին հետ ա նստում աթոռին ու պայուսակից սկսում գիրքը հանել:

Մոռացել եմ ասել, որ էս ընթացքում մենք ճանապարհին էինք, արդեն 20 րոպե:

- Մեմ, 5 րոպեից դուրս չեկաք, հաջորդ կանգառում ոստիկանություն եմ կանչում, - հեռացող արևելաեվրոպացու ուլտիմատումի վերջին բառերը զրգնում են ականջումս, ու ես ոտուձեռ եմ ընկնում. «Մերին դուրս եկողը չի, սա էլ հետ կանգնողը չի»:

- Երեխեք, հլա սպասեք մի հատ ինսպեկցիա անեմ: Մեկ էլ տեսար տեղ եղավ:

Դուրս եմ գալիս վագոնից ու բաբախ՝ ուղիղ արևելաեվրոպացու դիմաց: Էս կատաղած ինձ ա նայում՝

- Հաջորդ կանգառում ոստիկանների հետ եմ գալու վագոն:
- Լսեք, կներեք, մենք մի քիչ չափն անցանք: Ես հասկանում եմ, որ Դուք ոչինչ չեք կարող անել,  կարգուկանոն կա, բան կա, ու դա պահելը Ձեր գործն ա: Բայց դե մեզ էլ հասկացեք, առավոտվա 5-ից ոտքի վրա ենք, մի գրասենյակից մյուսն են ուղարկում, պարզ չի, ինչը՝ ոնց:
- Հասկանում եմ, մեմ, բայց Ձեր ընկերուհին շատ ագրեսիվ ա:
- Միգուցե, բայց շաատ-շաատ հոգնած ա ու ոնց որ մեզ համար պատասխանատու ա զգում, փորձում ա օգնել: Գիտեմ, որ զայրացրեցինք Ձեզ, բայց իսկապես չէինք ուզում: .... Միգուցե մեզ օգնեի՞ք, հը՞՞՞՞... կարո՞ղ ա իմանաք, մյուս վագոններում տեղ կա՞...

Աժդահաս արդեն սպիտակած նայում ա ինձ ու փափուկ վրա բերում

- Էֆ-չգիտեմ-ինչ գնացեք: Էնտեղ քիչ մարդ կա... Եթե սկզբից էդպես չպահեիք ձեզ, առաջին կարգում էլ կթողնեի...
- Ապրեք, բայց մենք հիմա կտեղափոխվենք:

Վերադառնում եմ: Ամալիկը Մերիին հանգստացրել ա: Ու պարզ ա, ոչ մեկս հավես չունենք փոլիս-մոլիսի:

- Երեխեք, Էֆ-չգիտեմ-ինչում տեղ կա, արագ գնանք, թե չէ էդ էլ կկորցնենք: Աժդահան ասում ա, որ Զատիկին լիքը մարդ տուն ա գնում, ու հաջորդ կանգառից գնացքը լցվելու ա:
- Հաաաա, դրանց հավեսը չկա, հիմա էլ գործի տեղից գան ինձ ոստիկանությունից հանեն, -ծիծաղում ա Մերին:

Հավաքվում ենք ու երեք վագոն հետո Էֆ-չգիտեմ-ինչում ենք: Նստելու մի տեղ կա... բայց մնացածներում կանգնելու տեղ էլ չկա:-)

Հարմարվում ենք ու ժամը մեկ հերթով նստում:-))))))))))) Սկզբի երեք ժամվա ընթացքում, երբ զուգարանը դեռ մաքուր էր, մի 10 րոպեով էլ էնտեղ էինք նստում:-))))))))))))))

Մինչև հասանք Գլազգո:

Լավ էր:-) Գլազգո-Էդինբուրգ-լեռներ ու լոխեր: Երեք ընկեր... ոչ մի ախմախ գնացք չէր կարող էս ներդաշնակությունը հարամել:-) Նույնիսկ ոստիկանության գրասենյակները, որոնց կողքով անցնելիս մի շաբաթ անընդմեջ փորներս էինք բռնում՝ պատկերացնելով մեզ ձեռնաշղթաներով ու ով գիտի, մի քիչ էլ երևի զղջալով, որ էդ մի արկածից խուսանավեցինք:-)


2 comments:

Mariam said...

Ես Ձեզ անասելի հաճույքով եմ կարդում:)
Շնորհակալություն:)

Christina said...

Մի քանի օր առաջ գրեթե բառացիորեն նույն եմ ասել Ձեր մասին:-)))

Շատ անկեղծ ու լուսավոր եք... ու մի տեսակ հիմա էլ որ գրում եմ, ոնց որ արժեզրկեմ էն ինչ զգում եմ, որովհետև ամբողջական չի: Բայց դե, լավ ա էլի, որ գրում եք, շատ լավ ա:-)